Axios-ը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան իրավիճակային սենյակում անցկացված հանդիպման ընթացքում պահանջել է մի շարք փոփոխություններ մտցնել այն համաձայնագրի նախագծում, որը նրա ներկայացուցիչները մշակել էին իրանցի պաշտոնյաների հետ։
Աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփը ցանկանում է հասնել համաձայնության, սակայն ձգտում է խստացնել հատկապես Իրանի միջուկային նյութերին վերաբերող դրույթները։
Ներկայիս նախագծով Իրանը պարտավորվում է չձգտել միջուկային զենքի ստեղծմանը։ Փաստաթուղթը նախատեսում է նաև 60-օրյա բանակցային շրջան, որի ընթացքում կողմերը պետք է համաձայնեցնեն Իրանի միջուկային պարտավորություններն ու ԱՄՆ պատժամիջոցների հնարավոր թուլացումը։
Թրամփը ցանկանում է ավելի հստակեցնել հատկապես հարստացված ուրանի պաշարների վերահսկման և դրանց փոխանցման ժամկետների վերաբերյալ կետերը։ Փոփոխություններ են առաջարկվել նաև Հորմուզի նեղուցի վերաբացման մասին ձևակերպումներում։
ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ Իրանից պատասխան կարող է ստացվել մոտ երեք օրվա ընթացքում։ Միևնույն ժամանակ, իրանական պետական լրատվամիջոցները հայտնում են, որ համաձայնագիրը մոտ է ավարտին, սակայն դեռ վերջնականապես համաձայնեցված չէ։
Սպիտակ տունը չի մեկնաբանել հրապարակված տեղեկությունները։