Ես ուզում եմ ուղիղ և պարզ ասել, մասնավորապես, դատաիրավական համակարգի մութ անկյուններում ծվարած մաֆիայի մետաստազների խնդիրը մենք չենք կարողանալու լուծել առանց սահմանադրական կարգավորումների։ Այս մասին այսօրվա հանրահավաքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Այս է նաև պատճառը, որ ես չափազանց կարևորում եմ, որ մենք ընտրություններից հետո, իհարկե, ժողովրդավարական պրոցեսներով, ընդունենք նոր սահմանադրություն, որի արդյունքում Հայաստանի բոլոր դատավորները կվերածվեն դատավորի պարտականություններ կատարողների, և վերանշանակում կստանան միայն նրանք, ովքեր կանցնեն բարեվարքության մի քանի շերտանի սկզբունքները։
Սա նոր սահմանադրության ընդունման միակ պատճառը չէ, բայց այն պատճառներից կարևորներից մեկն է, որովհետև մենք ի վերջո, մինչև օրս սևերես ենք ձեր առաջ հենց այդ պատճառով, որ դատական մաֆիայի պատճառով չենք կարողացել մինչև հիմա մինչև վերջ կատարել ձեզ տված մի քանի խոստումներ։
Մենք մինչև այսօր չենք կարողանում ձեզ հոդաբաշխ պատասխան տալ, թե ինչու է մինչև հիմա ազատության մեջ Ռոբերտ Քոչարյանը, ինչու է մինչև հիմա ազատության մեջ Սերժ Սարգսյանը, ինչու թալանչի օլիգարխները չեն հայտնվել բանտում, մեր համբերությունը սպառվել է, բոլոր ժամանակները սպառվել են, և ժողովուրդը պահանջում է արդարությունը և արդարադատությունը պիտի կայանա, և արդարադատությունը, արդարությունը պիտի հաղթի 2026 թվականի հունիսի 7-ին»,-հայտարարել է նա։