«Մեկ ուժի նկատմամբ բռնությունը հարձակում է ամբողջ ընդդիմության դեմ»

«Մեկ ուժի նկատմամբ բռնությունը հարձակում է ամբողջ ընդդիմության դեմ»

Ընդդիմադիր մեկ ուժի նկատմամբ բռնությունը հարձակում է ամբողջ ընդդիմության դեմ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

««Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը խստորեն դատապարտում է այսօր Մասիս քաղաքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների նկատմամբ տեղի ունեցած հարձակումը։

Քաղաքական պայքարը պետք է լինի գաղափարների, ծրագրերի և տեսլականների մրցակցություն, ոչ թե ուժի, բռնության դրսևորում։ Անկախ քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելությունից՝ նման միջադեպերը անընդունելի են և չեն կարող արդարացվել որևէ հանգամանքով։

Մենք համոզված ենք, որ ընդդիմադիր որևէ ուժի նկատմամբ իրականացված բռնությունը հարձակում է ոչ միայն այդ քաղաքական ուժի, այլև ամբողջ ընդդիմության, քաղաքական բազմակարծության և ազատ ընտրությունների գաղափարի դեմ։

Կոչ ենք անում իրավապահ մարմիններին հնարավորինս արագ բացահայտել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները և օրենքի համաձայն պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Ընտրություններին մնացել են հաշված օրեր։ Ուստի առավել քան երբևէ անհրաժեշտ է զսպվածություն, պատասխանատվություն և փոխադարձ հարգանք։ Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին և նրանց աջակիցներին չտրվել սադրանքների, մնալ քաղաքական կոռեկտության սահմաններում և թույլ չտալ, որ ընտրական գործընթացը ստվերվի բռնության ու թշնամանքի դրսևորումներով։

Այս օրերին որոշվում է մեր պետության և ժողովրդի ապագան, ուստի առավել քան կարևոր է, որ քաղաքական գործընթացներն ընթանան խաղաղ, արդար, օրինական և ժողովրդավարական մթնոլորտում։ Հայաստանում ներքին համերաշխության, փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության մթնոլորտը չպետք է այլընտրանք ունենա»,- նշվում է ԲՀԿ նախընտրական շտաբի հայտարարության մեջ։

Մասիս

Մասիսը (Արարատ) Հայաստանի խորհրդանիշներից է, որը պատմականորեն համարվում է հայ ժողովրդի սուրբ լեռը։ Ըստ Աստվածաշնչի՝ Նոյան տապանը խարսխվել է հենց այս լեռան վրա՝ ջրհեղեղից հետո։ Ներկայումս Մասիսը գտնվում է Թուրքիայի տարածքում, սակայն մնում է հայ մշակույթի և ինքնության կենսական մասը։