«Եթե ուզում ես խոսել թատրոնի մասին, մինչև Էդիկի մասին չխոսես, թատրոնի մասին չես կարող խոսել: Նրա երակներում թատրոնի արյունն է: Յուրաքանչյուր ռեժիսոր կերազեր իր հետ աշխատել»:
Տղամարդու ծանոթ, ձիգ արտաքինը գծագրվում է դռների արանքում: Տարիները չեն կորացրել նրան: Անգամ 86 տարեկանում արտիստիկ նույն կեցվածքն է, որ առավել բնորոշ է պրոֆեսիոնալ պարողներին: Բարևում է առանց ժպտալու՝ սովոր շարժումով ուղղելով երկար, ալեխառն մազերը: Ձայնի մեջ ջերմության նոտաներ են հայտվում, երբ ներս է հրավիրում:
-Հիմա ի՞մ մասին ենք խոսելու, թե՞ թատրոնի,-հարցնում է՝ տեղավորվելով սեղանի մոտ:
-Իսկ հնարավո՞ր է այդ երկուսը տարանջատել,-ժպտում եմ:
Ուսերն է թոթվում՝ հետ ընկնելով աթոռի թիկնակին ու աչքերը սպասողական հառելով դեմքիս:
-Իմ բախտը բերել է թատրոնի առումով, ես 6 ամսականից եմ այնտեղ, բայց դերասան չդարձա,-նկատում է զրուցակիցս:
Սկզբում նա «սիրուն Էդիկն» էր, հետո Լենինականում (Գյումրի) հայտնի դարձավ որպես «պարող Էդիկ», սակայն ամենասիրելին «թատրոնի կամ լույսերի Էդիկ» տիտղոսն է, որ նրան ուղեկցում է մինչ օրս, թեպետ ունի մշակույթի վաստակավոր գործիչ և «Գյումրու երախտավոր» կոչումները: Բեմն իր երկրորդ տունը դարձավ, երբ 3 տարեկան էր, իսկ հասուն տարիքում՝ առաջինն էր ու, իր ձևակերպմամբ, «կյանքի իմաստը»:
«Հայրս՝ Հակոբը, Ամերկոմի որբանոցի սան էր: 16 տարին լրանալուց հետո, ըստ որբանոցի կարգի, պիտի դուրս գար՝ ինքնուրույն կյանք սկսելու համար: 1928թ.-ն էր, թատրոնը պետականացվել էր, և նրան տեղավորում են այնտեղ` որպես բեմի բանվոր: Հայրս երեք տարի ապրել ու աշխատել է թատրոնում, մինչև իր անկյունն է ունեցել, ամուսնացել է Գյումրիում հայտնի Ղալաչի Մկոյի աղջկա հետ,-պատմում է Էդուարդ Պողոսյանը,-ես ծ